Խաշթառակցի հայտնի ընտանիքի հարսի ու թոռան մահվան մասին դեռ հարսի մայրը չգիտի

Խաշթառակցի հայտնի ընտանիքի հարսի ու թոռան մահվան մասին դեռ հարսի մայրը չգիտի: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը։

«Հարսի մայրն էլ հոգեկան խնդիրներ ունի, Երևանում էր, նոր են տուն բերել: Բժիշկն արգելել է, որ հարազատները ասեն աղջկա ու թոռան մահվան մասին: Ասել է՝  եթե իմանա, հնարավոր է, որ վիճակը էլի վատանա: Հեռախոս չեն տալիս մոտը, որ չզանգի, երբ հարցնում է, ասում են լավ ա աղջիկդ էլ, երեխեքն էլ»,- ասաց տիկին Էմման: 

 

Նրա խոսքով հարսի հարազատներն իրեն են մեղադրում մահվան մեջ. «Ես ինչ անեմ, ես հո չէի ուզում, որ մահանար: Բժիշկներն են մեղավոր, ուժեղ դոզայով դեղ են սրսկել հոգեբուժարանում, տարել են հիվանդանոց, ասել են արդեն մահացել ա: Ամեն ինչ արել եմ 12 հոգանոց ընտանիքի համար: Տանը ջուր չունենք քաշած, էդքան արել եմ: Մինչև հիմա թոռանս տխուր աչքերին նայում, տանջվում եմ, նկարը կողքս դրած ա միշտ: Խեղճ երեխես թազա շորի, կոշիկի ու խաղալիքի կարոտ էր, տենց խողճ էլ մահացավ: Սիրտս կտոր-կտոր ա լինում»:

Տիկին Էմման նշեց, որ հարսին հարազատները չեն թողել, որ իրենց գյուղում հուղարկավորեն՝ երեխայի կողքին: «Ախպերը ասեց տանում եմ մեր գյուղում թաղեմ, չբերեցին էստեղ»:

Հիշեցնենք, Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։  Մենք գրել էինք, որ 6-ամյա երեխայի մայրը «Սևանի» ԲԿ-ում մահացել էր։

Ընտանիքի մյուս 5 երեխաները ևս տեղափոխվել էին Մուրացան հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել:

Երեխաների պապը օրեր առաջ տեղափոխվել է Արմենիա ԲԿ, որտեղ վերջինիս արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։ Երեկ վերջինիս կինը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ամուսնու մոտ շականակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։

Հավելենք, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

 

Քաղաքականություն

Պատահարներ