«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:  ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: 

Մեկ պացիենտ դուրս է գրվել:  Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են: 

Հիշեցնենք՝ 2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն: 

Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել էր մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: 

Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 
Կատարվում է նախաքննություն: 
 

Քաղաքականություն

Պատահարներ