«Սանատորիա չես եկել». Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պարզաբանումը հիվանդների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հիվանդների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին ֆեյսբուքյան մի օգտատեր է ահազանգել։ Բիայնա Մահարին գրառում է կատարել` ասելով, որ բժիշկներն այնտեղ առանց դիմակի են շրջում, իսկ ջուր ուզող հիվանդին պատասխանում` «սանատորիա չես եկել»։  «Չեմ կարող հասկանալ` որ տրամաբանությամբ է հնարավոր 4 ժամ սպասել բժիշկին, երբ բերում ես հիվանդին վերակենդանացման բաժին, և ինչպես կարող է մի ժամ վերակենդանացման բաժնում բուժքույր ընդհանրապես չլինի, որովհետև անալիզները վերցրել-գնացել են»,–գրել է նա։  Օգտատերն ահազանգել է նաև, որ կենտրոնում միայն հատուկ ժամերի են թույլատրում, որ կերակրեն հիվանդներին, և երբ բժիշկներին ասել են, որ այդ ժամից դուրս կերակրման կարիք ունի իրենց հիվանդը, ուղղակի չեն թույլատրել։   «Մենք այդ մի օրվա կորուստը երբեք հետ չենք բերի, բայց խնդրում եմ` թող էլ ոչ ոքի վերջին օրերից մեկն այդպիսինը չլինի»,–գրել է Բիայնան ու դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի տեղում իրավիճակը փոխվի։ 
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պարզաբանում է տարածել` ասելով, որ Բիայնան միջադեպից հետո իր բողոքն է ներկայացրել նաև կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանին, ինչից հետո կենտրոնում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր քայլերը։ Մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքի չորս աշխատակիցներից պահանջվել է գրավոր բացատրագիր, և չնայած նրանք հերքել են օգտատիրոջ պնդումները, ստացել են գրավոր նկատողություն բողոքող կողմի կարծիքի հիմքով։  «Աշխատակիցներից մեկն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ինչպես նաև աշխատանքի է ընդունվել նոր ավագ ռեանիմոտոլոգ, որը պետք է ավելի արդյունավետ վերահսկի կարգապահությունը բաժանմունքում»,–նշված է կենտրոնի տարածած պարզաբանման մեջ։ 

Հիշեցնենք, որ նախորդ տարի` սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանի որոշմամբ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, տնօրենի ԺՊ էր նշանակվել Նարեկ Մանուկյանը։ 
 

 

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ