Դատարանը Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչեց եւ արգելանք դրեց նրա գույքի վրա

Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ դատարանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Արա Օսկանյանի` նրան սնանկ ճանաչելու պահանջի մասին։

Ըստ ՓԲԸ-ի՝ պարտապանը պատշաճորեն չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, որի արդյունքում բանկի կողմից ներկայացվել է բռնագանձման ծանուցումը, սակայն Պարտապանը կրկին չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Պարտապանի պարտքը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է՝ 235.758,98 ԱՄՆ դոլար եւ 1.010.560,20 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդը՝ 191.867,54 ԱՄՆ դոլար, որից վարկի մնացորդի ժամկետային մասը՝ 184.142,11 ԱՄՆ դոլար, վարկի մնացորդի ժամկետանց մասը՝ 7.725,43 ԱՄՆ դոլար, ընդհանուր տոկոսագումար՝ 28.391,51 ԱՄՆ դոլար, որից ժամկետային տոկոսագումարը՝ 625,80 ԱՄՆ դոլար, ժամկետնց տոկոսագումար՝ 26.084,54 ԱՄՆ դոլար, ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 1.681,17 ԱՄՆ դոլար, տույժեր՝ 15.499,92 ԱՄՆ դոլար, այլ պարտավորոթյուններ՝ որից չվճարված միջնորդավճարներ՝ 1.010.560,20 ՀՀ դրամ, իսկ կետանցի օրերի քանակը կազմել է՝ 712 օր:

Նշենք նաեւ, դատարանը արգելանք է դրել Արա Օսկանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Քաղաքականություն