Գործադիրն իմ խառնվածքին ավելի բնորոշ է. ԱԺ-ն ծափերով ճանապարհեց Արմեն Փամբուխչյանին

Արմեն Փամբուխչյանը գործադիրում իր ծառայություններն ավելի արդյունավետ կարող է մատուցել, ահա թե ինչու որոշում կայացրեց օրենսդիրից նորից գործադիր վերադառնալ: Այդ մասին Փամբուխչյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ տեղափոխության հետ կապված այլ խնդիր չկա. «Գործադիրն իմ խառնվածքին ավելի բնորոշ է»:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար է աշխատելու: Գերատեսչության մասով իր ծրագրերի մասին ասաց, որ հետո կխոսի: 

Հարցին՝ «Իմ քայլից» այլ անձինք և՞ս ուզում են մանդատը վայր դնել, և արդյոք քննարկումներ են եղել, պատասխանեց. «Քննարկումներ չեն եղել»:

Ի դեպ՝ Փամբուխչյանը նաև տեղեկացրեց, որ իր մշակած ծովային օրենսդրությունը գրեթե պատրաստ է: Այժմ փորձաքննություն է անցնում:

 

Արմեն Փամբուխչյանն, օգտվելով արտահերթ նիստում ընձեռված հնարավորությունից, ԱԺ ամբիոնից վերջին ելույթն ունեցավ։

 

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 17-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որն ընդունելու ժամկետը լրանում է վաղը` սեպտեմբերի 24-ին։ Հետևաբար, այսօր ԱԺ պատգամավորի կարգավիճակով ինքը վերջին անգամ է մասնակցում ԱԺ նիստին։

Պատգամավորն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին։

«Հատկապես այն պատգամավորներին, որոնց հետ, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու ֆրակցիայից, կարողացանք կառուցել մարդկային ջերմ ու լավ հարաբերություններ»,– ասաց Փամբուխչյանը` ԱԺ–ում մնացող գործընկերներին մաղթելով ուժ, եռանդ, սեր և համերաշխություն։

Խորհրդարանը ծափահարություններով ճանապարհեց մանդատը վայր դրած գործընկերոջը։

 

Քաղաքականություն