Նախարարի հրամանով սահմանվել են միջին և ավագ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ի հրամանով հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

4. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված բժշկական և անձը հաստատող փաստաթուղթը։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

Նախարարի հրամանն ամբողջությամբ՝ այստեղ:

Քաղաքականություն

Պատահարներ