Սկսվել է Երևանի հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում

Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

 

Համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ընթացքում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է տեղադրել 674 LED լուսատու: Ընթացիկ տարում, ի դեպ, արդեն իսկ ամբողջությամբ էներգախնայող՝ LED լուսատուներով են լուսավորվել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:
Արդիականացվում է նաև գեղարվեստական լուսավորությամբ լուսավորվող երևանյան արձանների լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:

 

Նշվում է նաև, որ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել ստուգայցերն ու հետևողական աշխատանք տանել շինհրապարակները կազմակերպելու և սանիտարական նորմերն ապահովելու համար: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: Այս առումով ակնկալվում է Ճանապարհային ոստիկանության հետևողական աշխատանքը՝ իրավախախտումներն արձանագրելու և դեպքերը կանխելու համար:

Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքները վերացնելու նպատակով մոտ օրերին կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Զեկուցվել է, որ նախատեսվում է 5-րդ մուտքի ապամոնտաժումը, հենապատի կառուցումը և շենքի տանիքի ամբողջական վերանորոգումը: ՀՀ կառավարության որոշմամբ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի: Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենքի՝ շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո: Դա նաև արդյունավետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն է տալիս: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը Ազգային ժողովի հետ՝ օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

 

Իսկ չսահմանված վայրերում աղբ թափելու խնդիրն առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է հետևողական հսկողություն իրականացնել՝ օգտագործելով նաև վարչական լծակները:

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծի մրցույթի մշակման աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետին զեկուցվել է, որ առաջիկայում նախագծման մրցույթից հետո կմեկնարկի շինարարական աշխատանքների նախապատրաստման գործընթացը:

Քաղաքականություն

Պատահարներ