Ունենք նոր բերման ենթարկվածներ. քաղաքացիները Ջերմուկի ոստիկանության բաժանմունքի մոտ են

Ունենք նոր բերման ենթարկվածներ. երբ մենք եկանք՝ մեր հորդորն ու պահանջը հայտնելու ջերմուկի ոստիկանությանն ու համայնքապետին, այդ ակցիան ավարտվում էր, երկխոսություն սկսվեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանության աշխատակիցների միջև, կարելի է ասել լեզվակռիվ, ու դրան հետևեց գործողություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանը:

Բունիաթյանը նշեց, որ իրենց ակցիան ավարտվել է և հիմա իրենք սպասում են, որ այդ երկու բերման ենթարկվածներին բաց թողնեն և իրենք գնան: «Կարծում եմ՝ լեզվակռվի համար մարդկանց քարշ տալը բաժանմունք պետք է մոռացած լինեինք հեղափոխությունից հետո»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ իրենց հավաքվելու իմաստն էր՝ աջակցել այն մարդկանց, այն երեք հոգուն, ում ձերբակալել են ու նրանց վերագրել խուլիգանություն: Բունիաթյանը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ Լիդիանի կողմից բերման ենթարկվածներ չկան, ոչ էլ խուզարկություն է արվել նրանց բնակարաններում: Այնինչ, նրա խոսքով, փաստաթղթում գրված է եղել ծեծկռտուք: «Այդ փաստաթղթում գրված չէ, թե Ամուլսարի պահապանները գնացել են ու մարդկանց ծեծել: Այնտեղ գրված է ծեծկռտուք: Նշված էր, որ երկու կողմից կան վնասվածք ստացած անձինք, բայց այսօր ունենք այն, որ չգիտես՝ ինչու մարդը, եթե Ամուլսարում հանքարդյունաբերությանը դեմ է, անընդհատ բերման է ենթարկվում»,- շեշտեց նա:

Նա հիշեցրեց, որ նախկիում էլ Լիդիանի աշխատակցիները բռնություն են գործադրել նույնիսկ ոստիկան են ծեծել, քաղաքացին էլ ցուցմունք է տվել նրանց դեմ, բայց մինչև այս պահը ոչ մի իրավական գնահատական չկա:

Ճշտող հարցին՝ ստացվում է, որ երկու օր առաջ երկու կողմերից էլ բռնություն եղե՞լ է, նա ասաց, որ փաստաթղթում նշված էր, որ Գնդեվազ գյուղում երկու կողմերի միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հոդվածը նշվում է 258-ի 4-րդ կետ՝ խուլիգանություն, առարկաների գործադրմամբ: «Ամեն դեպքում ինչ-որ բան տեղի ունեցել է, պետք է պարզել, թե ովքեր են եղել և որ կողմից են եղել: Եթե խոսվում է մահակների մասին, թող պարզեն՝ ում կողմից են բերվել այդ մահակները: Հորդորում ենք թափանցիկ աշխատել, որ տպավորություն չստեղծվի, թե խտրականություն կա: Մենք չենք ուզում հավատալ, որ կա, բայց Ամուլսարի պայքարը ցույց է տալիս որ շարունակաբար պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, ովքեր Ամուլսաարում հանքարդյունաբերությանը դեմ են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երեք ձերբակալվածներին, ապա Բունիաթյանը նշեց, որ նրանց Եղեգնաձորից տարել են Երևան, վաղը կալանավորման համար միջնորդություն է ներկայացվելու, բնակիչները Ամուլսարի բոլոր կողմնակիցները սպասում են այդ որոշմանը, դրանից հետո կորոշեն ինքնաբուխ կերպով ինչ կտրուկ ակցիաներ իրականացնել, բայց խաղաղ:

Նշենք, որ ավելի վաղ Ջերմուկի համայնքապետարանի մոտ ևս բողոքի ակցիա տեղի ունեցավ։

Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց ոստիկանությանը. «Մենք չենք ուզում կասկածի տակ դնել ձեր գործողությունների անաչառությունը, բայց Ամուլսարի այս պայքարի ընթացքում հաճախ ենք բխվել մեր նկատմամբ խտրական վերաբերմունքի: Չգիտես՝ ինչու ամեն անգամ դուրս է գալիս, որ Ամուլսարի համար պայքարող մարդկանց ուրիշ հոդված չի հասնում, ում տանում են, խուլիգանության հոդվածով են տանում, մի տեսակ վիրավորական էլ է»,- ասաց նա։

Ավելի ուշ նա առաջարկեց սպասել մինչ վաղը որոշում կայացվի կալանավորման հետ կապված։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազի բնակիչներին ակտիվիստների կողմից սեպտեմբերի 15-ին ծեծելու միջադեպի համար երեք անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով:

Քաղաքականություն