Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները

Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով: Այդ մասին տեղեկատվությունը հասանելի է խորհրդարանի պաշտոնական կայքէջում (լուսանկարը՝ ստորև): Այս մասին գրում է 24news-ը: 

Ըստ դրույքաչափերի՝ ԱԺ նախագահը 892 հազար 890, փոխնախագահները՝ 694 հազար 470, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ 595 հազար 260, նրանց տեղակալները՝ 520 հազար 800, ուղղակի պատգամավորները՝ 496 հազար 50, ԱԺ աշխատակազմի ղեկավարը 595 հազար 260 հազար դրամի պարգևավճար են ստացել: Ցանկը, իհարկե, շարունակելի է: 

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո, հիշեցնենք, պետական ապարատի գրեթե բոլոր կառույցները, այդ թվում՝ խորհրդարանը, հրաժարվել էին պարբերական պարգևավճարներից: Գումարները համավարակի համար բացված հատուկ հիմնադրամին էր փոխանցվում: Մի քանի ամսվա դադարից հետո պատգամավորները, փաստորեն, նորից են պարգևատրվել:

Իհարկե, հասկանալի է, որ պաշտոնյաններն այժմ դա որպես Անկախության տոնի «ընծա» կամ էլ տքնաջան աշխատանքի գնահատական են ներկայացնելու, բայց փաստն այն է, որ համավարակը մեր երկրում դեռ շարունակում է կյանքեր խլել:

 

ԱԺ

Քաղաքականություն