Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակը` վարչապետին ու նախագահին

«ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«22․09․2020թ․

Բաց նամակ` ՀՀ նախագահ մեծարգո պարոն Արմեն Սարգսյանին

ՀՀ վարչապետ հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱՆ ԻՀԱԿ (Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն) (նախկին Նորք ԻԿՀ) աշխատակիցների կողմից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրական աշխատանքն ու ներդրումը: Այդուհանդերձ հարկ է նկատել, որ Նորք ԻԿՀ-ի՝ ներկայիս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Առաջնամարտիկի դերը կրել և շարունակում ենք կրել պատվով, ավելին՝ շարունակելու ենք:

2019թ. դեկտեմբեր՝ COVID-19 առաջին դեպքերը Չինաստանում:

2020թ. հունվար՝ Հայաստանի Հանրապետություն, «ՆՈՐՔ» ԻԿՀ ` Չինաստանից ՀՀ վարակի ներթափանցման կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառւմները ՀՎԿԱԿ-ի հետ միասին:

2020թ. փետրվար` եղել է 1-ին հիվանդանոցը, որտեղ վերապրոֆիլավորվել են 2 բաժանմունք COVID-19 կասկածելի հիվանդների համար:

Մարտի 1` «ՆՈՐՔ» ԻԿՀ-ում արձանագրվել է առաջին COVID-19 բերովի դեպքը:

2020թ. Մարտ՝ «ՆՈՐՔ» ԻԿՀ -ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի:

Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմային իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «ՆՈՐՔ» ԻԿՀ -ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել:

«ՆՈՐՔ» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում:

Վերջին ամիսներին «ՆՈՐՔ» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար:

Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է: Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի Նախագահի, Վարչապետի և Կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրվելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ»:

Քաղաքականություն

Պատահարներ