Արայիկ Հարությունյանի տեղակալը՝ հրաժարականի պատճառների մասին

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանն անդրադարձել է իր հրաժարականի պատճառներին և շնորհակալություն հայտնել այս ամիսներին աշխատելու համար.

«Հարգելի՜ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:
Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաև ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից:
Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է։

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պրոֆեսիոնալներին ում հետ բախտ ունեցա աշխատել վերջին երկու տարիների ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, բուհերի ռեկտորներին, կրթության բոլոր շահառուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և իմ շատ սիրելի սպորտսմեններին: Բոլորին ցանկանում են քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք հանուն մեր պետության ապագայի և քաղաքացիների արժանապատիվ կյանքի»:

Հիշեցնենք, որ երեկ Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց:

Քաղաքականություն

Պատահարներ