Մենք չենք զոհվում և պատրաստ չենք զոհվել հանուն մահվան, մենք պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի. վարչապետ

Խորհրդրանական խմբակցությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից լրացրեցին այն ասելիքը, որը պատեհ է այս ամբիոնից ասել՝որպես եզրափակիչ խոսք: Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ իմ հպարտությունը հայտնել այսօր մեր ունեցած այս իրավիճակում: Միայն մի նրբության եմ ուզում անդրադառնալ, երբ խոսք է գնում հանուն հայրենիքի ապրելու և հանուն հայրենիքի մեռնելու մասին, ըստ էության, այդ երկու ձևակերպումների մեջ էլ հակասություն չկա: Մենք չենք զոհվում և պատրաստ չենք զոհվել հանուն մահվան, մենք պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի, հանուն  ապրելու»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ բոլոր անհրաժեշտ հրամանները և հրահանգները տրած են: «Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված գործողության հետ և մեկ գործողությունանոց հարձակում չէ: Մենք, այո ունենք զոհեր, հակառակորդն էլ ունի զոհեր ավելի շատ, ունենք տեխնիկայի կորուստներ  և հակառակորդն էլ ունի շատ ավելի շատ տեխնիկայի կորուստ»,-ասաց նա։

«Սա հազարամյա կռվի հերթական հանգրվանն է և շատ հարցեր պետք է լուծվեն: Մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև արցախյան հերոսամարտի հաղթանակը հոսում է մեր երակներում, նստած է մեր գիտակցության մեջ, այդ հաղթանակը մեր ողնաշարն է»,-ասաց նա և ողջունեց խորհրդարանի հաղթելու կամքը:

Քաղաքականություն