ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնի Գուտիերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, նրան կոչ արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, ԵԱՀԿ դիտորդներին ուղղորդել հակամարտության գոտի։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

Քաղաքականություն