Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը։


«ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:
 

Նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:
 

Երկուստեք անընդունելի է գնահատվել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը», - նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ