Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ է անում մարդասիրական նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները:

Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ