Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին անհամապատասխան» է որակել:

«Հոկտեմբերի 15-ին Պոմպեոն WSB Atlanta հեռուստաալիքի եթերում մի շարք մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Բացի այդ, այդ մտքերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի ՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։

 

Նա, մասնավորապես, ասել էր.

«Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ»։

Քաղաքականություն