3-րդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները շատ ավելի կոշտ և այլ մեթոդներով են վերականգնելու. Դավիթ Բաբայան

Արցախի տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, նշեց, որ  
Արցախը պինդ է, կանգուն է՝ անկախ ամեն ինչից։ «Իսկապես ճակատագրական պահ է, կանգնելու ենք մինչև վերջ, թող որևէ մեկը կասկած չունենա։ Եվ պաշտպանելու ենք, փրկելու ենք մեր հայրենիքը և մեր ժողովրդին»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը։ 

Երկրորդ մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունն առաջին հերթին դիերի և գերիների փոխանակման համար էր։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ որոշ հատվածներում ստեղծվել է ծայրահեղ համաճարակային իրավիճակ․ «Որովհետև այնքան թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի դիակներ կան, որ, բնական է, այլ գործընթացներ են սկսվում, և սանիտարական լուրջ խնդիր կա»։ 

Արցախի նախագահի խորհրդականը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը, պատերազմի դադարեցմանը։ 

«Կարծում եմ, որ եթե այս անգամ ևս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը և կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա 3-րդ անգամ շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Երրորդ անգամ չեմ կարծում, որ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- ասաց նա։ 

Բաբայանը նաև նշեց, որ զինադադարը անժամկետ է՝ չնայած Ադրբեջանի որոշ պաշտոնյաների հայտարարություններին, որ այն միայն դիերի և գերիների փոխանակման համար է։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ