Անհասցե կոչերը ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Մասիս Մայիլյան

Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի ստեղծած իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ եւ գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով, որոնք ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Այս մասին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ մարդու իրավունքների պաշտպանների հոկտեմբերի 19-ին կայացած համատեղ հանդիպմանը՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես արդյունավետ միջոց Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաեւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային խաղաղության եւ կայունության լրացուցիչ վտանգ՝ ԱՀ արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ շեշտել է Թուրքիայի անմիջական մասնակցությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման եւ Ադրբեջանի զինված ուժերում ներգրավման միջոցով:

Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող չեզոք մնալ պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրության հարցում, քանի որ իր անհաղորդությամբ նպաստում է Արցախի ժողովրդի մեկուսացմանը: Իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք Արցախի մեկուսացումը դիտարկում են որպես ռազմական դիմակայության եւ ագրեսիայի կարեւոր տարր:

Նախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ դիտավորյալ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը եւ կենսական ենթակառուցվածքները: Ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը եւ դրա հասցեագրման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախարար Մայիլյանն ընդգծել է նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին անմիջական աջակցության տրամադրման անհրաժեշտությունը:

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ եւ գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով, որոնք ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես արդյունավետ միջոց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաեւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Քաղաքականություն