Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում. Վահրամ Պողոսյան

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:

«Իրականում մենք վճռական ժամանակահատված ենք ապրում, և իմ կոչն ու հորդորն է մեր ժողովրդին` միասնաբար հաղթահարենք այս կարևոր փորձությունը։ Այսօր մեզ առաջին հերթին պետք է բոլորի մասնակցությունն ու պատասխանատվության զգացումը»,- եզրափակեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Քաղաքականություն

Պատահարներ