Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները Ջասթին Թրյուդոյին Արցախը ճանաչելու կոչ են արել

Կանադայի հայկական կազմակերպությունները՝ Քվեբեկի հայկական համայնքների միությունը, Բրիտանական Կոլումբիայի միասնական հայկական հանձնաժողովը և Օնտարիոյի հայկական միասնական խորհուրդը նամակով դիմել են երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:

«Հարգելի վարչապետ,

Կանադայի հայ համայնքը դիմում է երկրի կառավարությանը՝ կոչ անելով դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ և առաջատար դեր խաղալ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում:

Ամենամտահոգիչն այն է, որ Ադրբեջանը, ոգևորվելով միջազգային հանրության լռությամբ, շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, որոնք հեռու են շփման գծից, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս հարձակումները պատերազմական հանցագործություններ են և խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները: Ադրբեջանը նաև օտարերկրացի ջիհադական վարձկանների է օգտագործում, որոնց հավաքագրել է Թուրքիան՝ ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում:

Ողջունելով Օտտավայի ձեռնարկած վճռական քայլերը՝ կոչ ենք անում Կանադայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ վերահաստատելով Արցախի ժողովրդի ինքնորոշման, խաղաղ ապրելու իրավունքը: Կոչ ենք անում հավուր պատշաճի դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի չհրահրված ագրեսիան»,- ասվում է նամակում:
 

Քաղաքականություն

Պատահարներ