Ոչ ոք այնքան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ, որքան՝ Ռուսաստանը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն սկսվել է ոչ թե որպես պետությունների միջև պայքար տարածքի համար,  այլ էթնիկ առճակատումից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ասել է ՌԴ նախագահը: 

Պուտինը նշել է՝ ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որքան՝ Ռուսաստանի Դաշնությունը: 

«Մեզ համար սա հատուկ իրավիճակ է: Խումբը ստեղծվել է 92-ին, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Մեզ վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են այն բանին, որ իրավիճակը կարգավորվի: Սակայն դրանում ոչ ոք այնքան շահագրգռված չէ, որքան՝ Ռուսաստանը»,- հայտնել է ՌԴ նախագահը:

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Արցախում ընթացող ռազմական գործողություններին ու երկու կողմերի մեծաթիվ զոհերին:

«Մեր տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից ավելի քան 2 հազար զոհ կա, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազար»,- ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ իրենց մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է՝ եթե 30 տարվա բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ հաջողություն չեն գրանցել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել։ Պուտինը նաև նշել է, որ նախկինում ղարաբաղյան հակամարտությունը մեկնարկել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած դաժան հանցագործություններով։

ՌԴ նախագահի խոսքով՝ ստեղծվել է Մինսկի խումբը, Ռուսաստանը, Ֆրանսիան ԱՄՆ-ն համանախագահներ են, որոնց վրա բանակցային գործընթացի պատասխանատվություն Է ընկած:

«Սերտ կապերի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ, մեկ օրվա մեջ մի քանի անգամ: Մեր արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայություների ղեկավարները մշտական կապի մեջ են:

Դուք գիտեք, որ հերթական  անգամ երկու երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում էին, հոկտեմբերի 23-ին նրանք Վաշինգտոնում են հանդիպում ունենալու: Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ համընթաց, կօգնեն կարգավորմանը, լավագույնի հույս ունենք»,- եզրափակել է Պուտինը: 

Քաղաքականություն

Պատահարներ