Թուրքիայից հայտարարել են, որ Ս-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի հրամանատարական կառավարման համակարգին

Ս-400 ԶՀՀ-ները, որոնք Անկարան ձեռք է բերել Մոսկվայից, գործարկվելու են ՆԱՏՕ-ի համակարգից անկախ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ս-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի հրամանատարական կառավարման ենթակառուցվածքին։ Դրանք անկախ են գործարկվելու»,- նրա խոսքն է մեջբերում ТRТ հեռուստաալիքը։

Դրանից բացի, թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավարի պնդումներով՝ Թուրքիայի կողմից ՌԴ-ից Ս-400-ի ձեռքբերումն ամենեւին չի նշանակում, որ Անկարան «ՆԱՏՕ-ից անջատվում» է։

Աքարը նաեւ մեկնաբանել է երկրի հյուսիսում անցկացված Ս-400-ի մասնակցությամբ կրակային վարժանքները։ «Պաշտպանական համակարգերի ձեռքբերման յուրաքանչյուր ծրագրի շրջանակում անցկացվում են փորձարկումներ եւ համակարգային ստուգումներ։ Սա գնումների ծրագրի մի մասն է եւ զուտ տեխնիկական գործունեություն է»,- շեշտել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը

2017 թվականին Ռուսաստանը եւ Թուրքիան կնքեցին Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման պլան։ ՆԱՏՕ-ի երկրներից Թուրքիան առաջինն է ՌԴ-ից ձեռք բերել այդ համակարգերը։ Ակարայի որոշումը հարուցել էր ԱՄՆ-ի եւ ընդհանրապես դաշինքի խիստ բացասական արձագանքը։ Միացյալ Նահանգները շարունակում է փորձել հասնելու ռուսական ԶՀՀ-ից Թուրքիայի հրաժարվելուն։ Վաշինգտոնն Անկարային հանեց F-35 օդանավերի արտադրության ամերիկյան ծրագրից։ Դրանից բացի, ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է պատժամիջոցներ սահմանել Ս-400-ը գնելու պատճառով, բայց չի շտապում այդ քայլերն անել, քանի որ ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրման մտավախություն ունի։ Անկարան զգուշացնում է, որ նման սահմանափակումներն անպատասխան չի թողնի։

Քաղաքականություն

Պատահարներ