ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը դրդում է ընդունել հրադադարի ռեժիմը. Օ'Բրայան

Ադրբեջանին հրադադար պահպանել ստիպում են բոլոր կողմերից, մինչդեռ նախագահ Իլհամ Ալիևը նախապայմաններ է առաջադրում խաղաղ բնակիչներին չսպանելու համար: Հրադադարից հրաժարվելու միջոցին Ռուսաստանն է Ադրբեջանին փոխանցել Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների տվյալները և նշել, եթե Ալիևը չգիտի նրանց գոյության մասին, դա նշանակում է, որ իր դեմ են խաղ սկսել: Հայտնել է պետդումայի՝ ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահը: ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը դրդում է ընդունել հրադադարի ռեժիմը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասել է CBS հեռուստաընկերությանը:

Ռոբերտ Օ՛Բրայան-ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական. «Մենք ամբողջ հանգստյան օրեր ենք ծախսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելու համար: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիայի նախագահին էլ ասելիք ունի. Էրդողանին քիչ են Արևմուտքի հետ բարդ հարաբերությունները, հիմա էլ Ֆրանսիայի նախագահին է վիրավորում՝ նրան հոգեբուժական ուսումնասիրության ուղարկելով:
Այսօր Մալաթիայում Էրդողանը նորից Ֆրանսիայի նախագահին հոգեկան խնդիրներ ունեցող է անվանել, նորից ԱՄՆ-ին ասել է, որ նա չի հասկանում, թե ում հետ գործ ունի: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել:

Վալերի Բուայե-պատգամավոր /Ֆրանսիա/ «Էրդողանը կրկին վիրավորեց Ֆրանսիայի նախագահին: Ես խնդրում եմ նոր ուժեղ միջոցներ ձեռնարկել՝ մեր դեսպանի հետկանչ, Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս մղում, ԵՄ մուտքի համար բոլոր բանակցությունների ավարտ, տնտեսական պատժամիջոցներ»:

Էրդողանի այս վարքն արժանացել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր հանձնակատարի կոշտ գնահատականին:

Քաղաքականություն