Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ: Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Քաղաքականություն