ԱԺ-ն ընդունել է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու կարգը

Խորհրդարանը հոկտեմբերի 27-ին գումարած արտահերթ նիստում 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը, որոնք վերաբերում էին աշխարհազորին, նաև՝ ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը վերաբերող հարցերին։ 

«Ռազմական դրության ռեժիմի» մասին օրենքի փոփոխություններով խորհրդարանին առաջարկվում էր լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու կարգը, եթե պետական համապատասխան գույք առկա չէ։ Գույքը գնահատվում է այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Գույքի սեփականատիրոջը պետության կողմից ներկայացվում են համապատասխան հիմնավորումներ գործընթացի վերաբերյալ, ապա, եթե սեփականատերը կամովին այն չհանձնի պետությանը, գույքը կարող է վերցվել հարկադիր կերպով։ Ռազմական դրության ավարտից հետո այն հետ է վերադարձվելու սեփականատիրոջը, սահմանված են նաև փոխհատուցման չափեր։ 

Օրենսդրական հաջորդ փոփոխությունը վերաբերում է աշխարհազորին։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ` աշխարհազոր»։ 

Աշխարհազորի ստեղծմամբ պայմանավորված անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքներում։ Խորհրդարանն հավանություն է տվել նաև վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման վերաբերյալ միջազգային կոնվենցիայի նախագիծը։ 

Քաղաքականություն