Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում

Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն-լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը: 

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։

«Իրավիճակը այս պահին հանրապետությունում կայուն-լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- ասել է Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է Մարտակերտի և Մարտունու հատվածներին, Թադևոսյանը հայտնեց, որ Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք:

Նա հայտնեց, որ Բերձորի ուղղությամբ հակառակորդը հրետանի է կիրառել: Մարտունի քաղաքը ռմբակոծվել է,  կիրառվել է ռազմական ավիացիա: Մարտունու շրջանի Ննգի գյուղի հրետակոծության հետևանքով 3 կին վիրավորվել է: Կան նաև ավերածություններ:

Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ