Փորձել են հարավային ուղղությամբ մոտենալ ՀՀ սահմանին, սակայն հետ են մղվել. ՊՆ ներկայացուցիչ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցը սկսեց սահմանային իրավիճակի ներկայացմամբ։

«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով։ Միաժամանակ մի քանի բնակավայրի նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ։

Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ, միևնույն ժամանակ շարունակվել է որոշ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը՝ հիմնականում բնակավայրերին մոտիկ անտառներում։

Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառել են հրետանի և ԱԹՍ,  սակայն հաջողության չեն հասել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը նշեց, որ, որպես կանոն, հակառակորդի դիվերսիոն խմբերը փոքր են, թեթևազեն սպառազինությամբ, և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո փախչում են՝ փորձելով նոր ուղղություններ զարգացնել։

Քաղաքականություն