Երևանում գողացել են սահմանում կանգնած զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. SHAMSHYAN

Հոկտեմբերի 4-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Հակոբ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք փախցրել են Թբիլիսյան խճուղու թիվ 22/7 հասցեի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենան: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան եղել է ռուսական համարանիշներով, իսկ ահազանգով դեպքի վար է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, սակայն մինչև այսօր թե՛ ավտոմեքենան, թե՛ հանցագործը կամ հանցագործները չեն հայտնաբերվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակոբ Պ.-ն աշխատում է Երևանում գործող ընկերություններից մեկում՝ որպես պահեստապետի օգնական: Ավտոմեքենան բարձված է եղել սննդով, որը, ըստ նրա՝ ուղարկվելու էր զինվորին: 

 

Մեքենայի սեփականատիրոջ եղբայրը, ով չցանկացավ ներկայանալ, ասում էր. «Դեպքը հոկտեմբերի 4-ին է եղել, երեկոյան 19:30-ի կողմերն էր, զինվորականների հերթական խումբն էր գնում դիրքեր (տեղանքը չենք նշում) մեքենաս կանգնացրեցի մոտակա բիստրոի մոտ, որ զորքի համար սնունդ վերցնեմ, մեքենան էլ բարձված էր սնունդով ու հագուստով, որը սահման պետք է հասներ, մինչեւ մտա բիստրո, ախպերս ասեց՝ ավտոն տարան, մեկ այլ մեքենայով ընկանք հետեւներից, այդ ընթացքում ես զանգեցի ՃՈ, ասեցի, որ մեքենաս գողացել են ու այս ճանապարհով են գնում, մենք չհասցրեցինք հետևներից հասնել, մեքենան գողացան տարան: Դեպքն եղել ա ամսի 4-ին, 10 օր անցավ, ոչ մի նորություն, հետո զանգեցին, թե հետաքննիչին են փոխանցել գործը, ես էդ բաժիններից գլուխ չեմ հանում, թե որ բաժին են փոխանցել, հիմա էլ թուղթ է եկել, թե գործն ուղարկել են Քանաքեռ-Զեյթունի դատախազություն: Ես խնդրում եմ, որ իրավապահները օր առաջ բացահայտեն հանցագործությունը»: 

Քաղաքականություն