Կառավարությունը ծանրաբեռնված է աշխատում և չի ներկայանա այսօրվա հարցուպատասխանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ արդյոք մեծամասնության կողմից կա՞ քվորում չապահովելու որոշում նաև այսօր նախատեսված Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ (մեկնարկը՝ 16:30):

«Կարծում եմ՝ հարցեր կան, որոնք ռազմական գաղտնիք չեն պարունակում, մասնավորապես՝ Արցախից 90 հազար տեղահանվածների, կորոնավիրուսի տարածման, տնտեսության վերաբերյալ»,- նշեց պատգամավորը: 

Մարուքյանի հարցադրմանը միացավ նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրերին Կառավարությունը ծանրաբեռնված է աշխատում, և իշխող խմբակցությունը որոշում է կայացրել Կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնել:

«Ձեր նշած հարցերի պատասխաններն ստանալու և լուծումներ գտնելու համար հնարավոր է կապ հաստատել գերատեսչությունների առանձին ներկայացուցիչների հետ: Այո, նման որոշում կա, պարոն Մարուքյան, բայց միայն այս շաբաթ»,- հայտարարեց Մակունցը:

Քաղաքականություն