Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. ԱՀ ԱԻՊԾ

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 
 

«Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառվել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը»,- գրված է հայտարարությունում:

Քաղաքականություն

Պատահարներ