Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտները

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ:

«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը: Առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել՝

1.կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա.

2. կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և գործող նախագահի մշտական ներկայացուցչին (PRCiO) տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ.

3. կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով.

4. կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը։

ՄԽ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Խորհրդակցություններ անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ԿԽՄԿ-ի նախագահի հետ:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպում է ունեցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուրերի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Մնացականյանը Մաուրերին հաղորդել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ծանոթացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրա հետևանքով պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերին:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող քաղաքականությանը և տարածաշրջանն ահաբեկչության օջախ դարձնելու նկրտումներին՝ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:

Քաղաքականություն

Պատահարներ