Կրակի դադարեցումը ԼՂ-ում ԿԽՄԿ աշխատանքի նոր հնարավորություններ է բացում. Լավրով

Մոսկվան շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության հարցում։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա մենք փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել։ Նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը։ Մեկ շաբաթ առաջ ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության նախագահների եռակողմ հայտարարությունը։ Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Եվ մենք գիտենք, թե որքան ակտիվորեն և վաղուց է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում այդ տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք ամրապնդել մեր համագործակցությունը, որն արդեն իսկ ակտիվորեն զարգանում է»,-ասել է Լավրովը Մոսկվայում ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպմանը։

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԿԽՄԿ-ն ավանդաբար սերտ համագործակցություն ունեն մի շարք տարածաշրջաններում։ «Մեր շփումները պարբերական բնույթ են կրում, և դեռ շատ բան կա, որոնց ուղղությամբ պետք է միասին աշխատենք, քանի որ, ցավոք, աշխարհում մարդասիրական ճգնաժամների, հակամարտությունների թիվը չի նվազում»,-ավելացրել է նախարարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ