Ֆրանսիան սկսում է ԼՂ- ում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնության ծրագրի իրականացումը

Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնություն տրամադրելու ծրագիրը: 

 

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հրամանագրով Ֆրանսիան սկսում է կյանքի կոչել ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված համակարգված ջանքերը: Օգնության համակարգի շրջանակներում, որը ղեկավարելու են հատուկ հանձնաժողովն ու ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, կմոբլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, հումանիտար ասոցիացիաները, որոնք ընդգրկված են Coordination Sud կազմակերպության կազմում»,- ասվում է ֆրանսիական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը տրամադրվելու է երեք ոլորտներում: Առաջին ոլորտը վերաբերում է բժշկական օգնությանը: «Վիրաբույժների և բժշկական սարքավորումների տեսքով առաջին շտապ օգնության ուղարկումից հետո այժմ նոր ավիաչվերթների ամբողջական շարք կիրականացվի: Նման ինքնաթիռներից մեկը կիրակի արդեն ժամանել է Երևան: Այն բժշկական իրեր, մասնավորապես՝ 500 մարդու համար նախատեսված դաշտային շարժական հիվանդանոց, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ է հասցրել»,- հայտնում է աղբյուրը:

 

Երկրորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին: Այն տեղ կհասցնի սոցիալական նշանակության ապրանք, այդ թվում՝ Ազնավուրի հիմնադրամի և Հայերին աջակցության հիմնադրամի կողմից:

Աջակցության երկրորդ ոլորտը կլինի երկու երկրի միջև հիվանդանոցային համագործակցության ուժեղացումը, ինչը կֆինանսավորվի ֆրանսիական ԱԳՆ-ի կողմից:

 

Երրորդ ուղղությունը կդառնա «Հայաստանում այն նախագծերի աջակցությունը, որոնք իրականացնում են հումանիտար կազմակերպությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունները»: «Ֆրանսիան անմիջական ֆինանսական օգնություն կտրամադրի տեղում գործող կառույցներին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:  

Քաղաքականություն

Պատահարներ