ՌԴ-ն 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղում իրականացվող աշխատանքների համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։

Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որի մամուլի ասուլիսը հեռարձակվում էր «Ռոսիա-24» հեռուսաալիքով։

«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելեց Մոսկվա և մեզ հետ կիսվեց այդ տարածաշրջանում կյանքի կոչվող նախագծերի շուրջ իր ծրագրերով։ Նախագահ Պուտինը հավանության արժանացրեց առաջարկն այն մասին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին», - նշել է Լավրովը։

Խոսելով այդ տարածաշրջանի հումանիտար կարիքների մասին՝ Լավրովը նաև ընդգծել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը տասնյակ միջազգային կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ-ի մասը կազմող կառույցների հետ։

Քաղաքականություն