Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է. Ռուսաստանի ՊՆ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի օգնությամբ խաղաղ կյանքը վերականգնվում է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Քաղաքում հանրային տրանսպորտը սկսել է գործել, երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը վերականգնվել են», – նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ից նաև հաղորդում են, որ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ։ Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն տրամադրել տեղի իշխանություններին՝ ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում։

Գերատեսչությունը նաև նշում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և հսկում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը:

 

«Փախստականների անվտանգ վերադարձի ապահովումը և շփման գծի երկայնքով տուն վերադառնալու ընթացքում խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը կազմակերպվել է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարությամբ և վերահսկողությամբ»։

Քաղաքականություն