Դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Շուշիի 5 թանգարաններից ցուցանմուշները դուրս բերելու համար. պատգամավոր

Երեկ ես էլ իմ հերթին պաշտոնական նամակով դիմել եմ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ որպես ՌԴ ներկայացուցչի, խնդրել եմ միջնորդել ադրբեջանական կողմին, որպեսզի հնարավորություն տրվի Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանն ինչ-որ կերպ տեղափոխվել Հայաստան։Այս  մասին գրառում է կատարել ԼԿՀժական պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Նամակում նշել եմ նաև, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի, ՌԴ նախագահ Վ․ Պուտինի կողմից հատուկ շեշտադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական առաքելություն իրականացնող խմբի այց դեպի Արցախ կազմակերպելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների մասին։

Դեսպանին խնդրել եմ միջնորդել կապ հաստատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահական առաքելություն իրականացնող զորքերի գլխավոր հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ում օժանդակությամբ հնարավոր կլինի գուցե հայկական կողմից կազմել օպերատիվ խումբ, որը Յունեսկօ-ի խմբի հետ համատեղ մուտք կգործի Ադրբեջանի տիրապետության տակ մնացած արցախյան տարածքներում գտնվող պատմամշակութային վայրեր, սրբավայրեր, թանգարաններ՝ ուսումնասիրություն կատարելու, տեղում փաստավավերագրության համար տեսանկարահանում իրականացնելու և հնարավորության դեպքում ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար։

Լիահույս եմ նամակս դրական պատասխան կունենա»։

Քաղաքականություն