Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ «Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր մեր պարտականությունն է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ, և այդ բանակցությունների արդյունքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։

Հայտարարությունում նշված է, որ այսօր Ֆրանսիայի առաջնահերթությունը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։

Ֆրանսիան, ինչպես ընդգծել է նախարարությունը, «լիովին վճռական է հասնելու հակամարտության տևական կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջները և կշարունակի անել ամեն ինչ, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար»։

 

«Փարիզը կշարունակի իր հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահության ներքո` առաջ շարժվելով բոլոր այն չափորաշիչներով, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն հրադադարի մասին համաձայնագրից հետո, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, մասնավորապես, օտարերկրյա վարձկանների և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասով», - ասված է հայտարարությունում:

 

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:

Հայաստանը և Արցախը ողջունել են Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Ադրբեջանը քննադատել է այն։

Քաղաքականություն

Պատահարներ