«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է ավելի քան 300 վիրավոր

«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է ավելի քան 300 վիրավոր, տեղեկացնում են բուժկենտրոնի լրատվական բաժնից։

Համալսարանական մասնագետների՝ վնասվածքաբանների, ռեանիմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, ուրոլոգների թիմային և համակարգված աշխատանքի արդյունքում փրկվել են հարյուրավոր կյանքեր: Մեկ ամիս շարունակ համալսարանական հիվանդանոցի կլինիկաների ղեկավարներն աշխատել են 20-24 ժամյա աշխատանքային ռեժիմով: «Արդյունքը գոհացնող է. քիչ մահեր արձանագրվեցին, և անդամահատումների թիվն էլ մեծ չէ»,- ասել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարը:

Գնահատելով այս օրերին այլ կլինիկաների կատարած հսկայածավալ աշխատանքը՝ Արտավազդ Սահակյանը նշել է, որ վիրավորների լիարժեք, ֆունկցիոնալ վերականգնման համար անհրաժեշտ է փուլային բուժում: «Ի բարօրություն մեր վիրավորների ապագայի, որոնց թվում են՝ 18-20 տարեկան զինվորներ, սպաներ և քաղաքացիական բնակչություն, ես ինչպես համալսարանական մասնագետներին, այնպես էլ մյուս բժշկական կենտրոնների գործընկերներին կոչ եմ անում համագործակցել: Պատերազմի ժամանակ տուժած մեր հայրենակիցները չպետք է խեղանդամված ապրեն, մենք պետք նրանց լիարժեք կյանք վերադարձնենք»,- ասել է փորձառու վիրաբույժը՝ ավելացնելով՝ պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք և նրանց հարազատներն իրավունք ունեն իրազեկվել, թե որ կլինակներում պետք է շարունակեն իրենց բուժումը:

Նրա խոսքով՝ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ Արցախում և Հայաստանում ունեցել ենք բազմաթիվ խեղանդամված վիրավորներ՝ արտաքին՝ գեղագիտական և ֆունկցիոնալ խնդիրներով: «Այս օրերին խորհրդակցություններ եմ ունեցել գործընկերներիս հետ և կարծում եմ, որ համալսարանական հիվանդանոցը լավագույն կենտրոններից է, որտեղ կիրառելով բուժման երկրորդ փուլը հնարավոր է բարելավել ողջ մնացած հերոսների կյանքի որակը»,- ընդգծում է վիրաբույժը՝ հավելելով, որ ադրբեջանցիների կողմից կիրառված զինատեսակներից տուժածների զգալի մասն այս պատերազմի ժամանակ ստացել են մեխանիկական վնասվածքներ և հսկայածավալ այրվածքներ։

Կարևորելով բուժման վերականգնողական փուլը՝ Արտավազդ Սահակյանն անդրադարձել է տարածաշրջանում եզակի համարվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

«Ելնելով իմ փորձից՝ կարող եմ ասել, որ լավագույն վիրահատությունը դատապարտված է անհաջողության, եթե դրան չի հաջորդում հետվիրահատական ֆունկցիոնալ վերականգնում, որը ներառում է հոգեբանների, նյարդաբանների, կինեզիոլոգների համատեղ աշխատանք»,- նշել է է բժիշկը՝ ավելացնելով, որ հետվիրահատական բուժումը՝ հատկապես նյարդային հանգույցների հետ կապված, պետք է իրականացնել անհապաղ:

Բազմամյա փորձ ունեցող մասնագետը, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի հետևանքով տուժած բազմաթիվ հիվանդների վերադարձրել է լիարժեք կյանքի՝ փրկելով հաշմանդամությունից։ Վիրաբույժը հանրապետության բժշկական էլիտային կոչ է անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ:

«Կարևոր է հիվանդների ճիշտ և ժամանակին ախտորոշումը և առաջնահերթությունների սահմանումը: Մենք շարունակում ենք կապի մեջ լինել մեր արտերկրի գործընկերների հետ՝ առցանց օգտվելով նրանց խորհրդատվությունից, սակայն պետք է փաստեմ, որ հիվանդներին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջանում»,-եզրափակում է Արտավազդ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ երկար ժամանակ չի պահանջվի հերոս հայորդիներին ոտքի կանգնեցնելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ