Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին պատկանող մոտ 300 հեկտար վարելահողերն էլ չեն մշակվի՝ սահմանին մոտ են․համայնքի ղեկավար

Դավիթ Բեկ գյուղից հողեր չեն հանձնվել, բայց այն վարելահողերը՝ մոտ 250-300 հեկտար, որոնք մինչև պատերազմը մշակում էինք, այժմ չենք կարող, որովհետև վտանգավոր է:   Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե գյուղին պատկանող որոշ հողատարածքներ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նա նշեց, որ նշված տարածքները մասնավոր սեփականություն են եղել, գյուղի բնակիչներն այդ վարելահողերում հացահատիկ են մշակել: «Մինչև պատերազմը այդ տարածքներում ցորեն ենք մշակել, հիմա խրամատներ ենք փորել՝ սահմանագծով: Այժմ սահմանի մի կողմում մենք ենք, մյուս կողմում՝ իրենք, մեխանիզմ չենք կարող մտցնել, արդեն վտանգավոր է մշակել, ոչ մեկը չի գնա, շատ է մոտիկ»,-ասաց նա:

Դավիթ Բեկի ղեկավարն ասաց, որ սահմանազատման աշխատանքները դեռ չեն կայացել. «Քաշաթաղի հանձնումից՝ դեկտեմբերի 1-ից հետո կհասկանանք՝ ինչ է լինելու»:

Հարցին՝ քանի որ այդ հողատարածքները մասնավոր սեփականություն են եղել, բնակիչներին փոխհատուցում տրամադրվելո՞ւ է, Պողոսյանն ասաց, որ դեռևս այդ հարցի քննարկում չի եղել, սպասում են սահմանազատման աշխատանքների ավարտին:

Բենիամին Պողոսյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո գյուղում տիրող իրավիճակին՝ նշելով, որ այժմ հանգիստ է: «Տներ էին վնասվել պատերազմի ընթացքում, հիմնականում պատուհաններ, տանիքներ էին ջարդվել: Մարզպետարանից եկել, չափագրում են կատարել, սպասում ենք՝ տեսնենք ինչ կլինի»,-ասաց նա:

Քաղաքականություն