Մտավորականները նամակով դիմեցին ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

«Համաձայն հայտարարության ութերորդ կետի՝ պետք է տեղի ունենա գերիների, մարմինների փոխանակում, կատարվեն անհայտ կորածների փնտրման աշխատանքներ։ Սակայն հայտարարությունում նշված չեն դրանք իրականացման ժամկետները։ Հարգելի պարոն Կոպիրկին, դիմում ենք ձեզ խնդրելով անձամբ միջամտել գործընթացին, ինչպես նաև մեր խնդրանքը փոխանցել ՌԴ ղեկավարությանը։ Վստահ ենք, որ նման միջամտությունը կարագացնի մեր գերիների վերադարձը հայրենիք», - ասված է նամակում։ 

Մի քանի տասնյակ մարդիկ Ազատության հրապարակից երթով քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ անձամբ փոխանցելու նամակը։ 
Երթին մասնակցում են Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մհեր Մկրտչյանը և այլք։ 

Նշենք, որ համաձայն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ նոյեմբերի 27-ին հայտնած տեղեկության՝ Ադրբեջանում պահվում է 50-60 գերի, հայտնի են 30-ի ինքնությունները։ 

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում: Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: 

Արդեն նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հաստատումից հետո տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանական կողմը գերի է վերցրել 10 հայ քաղաքացիական անձանց։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ