Գերիների վերադարձի հարցի տապալումը նաև Ռուսաստանի հեղինակության հարցն էր. Արման Բաբաջանյան

Այս պահին հասարակության համար ամենացավոտ՝ գերիների վերադարձի, անհայտ կորածների, զոհվածների աճյունների հայտնաբերման հարցում ունենք տապալում: Սա մեր դիվանագիտության ամենամեծ տապալումն է: Այս մասին Առաջին ալիքին տրված հարցազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով Մոսկվայում այսօր կայացած եռակողմ հանդիպմանը:

Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվել մինչև այս հանդիպումը:

«Հանդիպման արդյունքում կարող ենք ասել, որ սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն էր: Ռուսաստանը չկարողացավ այն դարձնել այս հայտարարության մաս և լուծել:

Ակնհայտ է, որ պատերազմը չի ավարտվել, պրոկսիպատերազմ է Հայաստանի դեմ, տեսնում ենք տեղեկատվական ուղղակի ահաբեկչություն, որի հիմնական սնիչն Ադրբեջանն է:

Կար նման սցենարի ընկալում, որ Ադրբեջանը հեշտությամբ չի գնալու զիջումների, և հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է դիմի բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին, նաև առանձին երկրներին, և պետք  է ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք խնդրի վրա:

Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց գերիների հարցի լուծման տեղափոխվենք 9-րդ կետի իրագործում:

Ալիևը չի վերադարձնում գերիներին, քանի որ ցանկանում է Հայաստանում անընդհատ անկայուն իրավիճակ պահպանել, և դրա հաշվին հասնել ավելի մեծ զիջումների: Այդ հարցում նրան մեծապես նպաստում են գոյություն ունեցող ներքաղաքական խժդժությունները:

Ալիևը մի քանի անգամ ասել է, որ Փաշինյանը հարմար գործընկեր չէ, և կուզեր Հայաստանում ուրիշ գործընկեր ունենալ: Չի բացառվում, որ այս իրավիճակում Ալիևը մի քանի խնդիր լուծի՝ հասցնելով անկայությունն այն աստիճանի, որ Հայաստանում այդ փոփոխությունների արդյունքում շատ ավելի լուրջ հարցեր և խնդիրներ լուծվեն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քան մենք նույնիսկ պատկերացնում ենք»,-ասաց Բաբաջանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ