Ադրբեջանը գերիների հարցում հանցավոր վարք է ցուցաբերում

Ադրբեջանը գերիների հարցում ապակառուցողական եւ նույնիսկ հանցավոր վարք է ցուցաբերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշման պատճառով մեր բազմաթիվ հայրենակիցների, զինվորականների ու խաղաղ բնակիչների ճակատագիրը դեռ պարզ չէ: Մյուսների ճակատագիրը հայտնի է՝ նրանք նետված են ադրբեջանական բանտեր, եւ այս երկրի իշխանությունները կամ չեն հաստատում նրանց գերեվարումը, կամ փորձում են նրանց ահաբեկիչներ ներկայացնել:

«Նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի բոլոր հայտնի սկզբունքները»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ հաստատվել է ավելի քան հարյուր հայերի, այդ թվում՝ կանանց գերեվարումը: Սակայն կան անուղղակի տվյալներ, որ գերիների թիվը մի քանի անգամ մեծ է:

Քաղաքականություն