Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը չպետք է կասկածի տակ դրվեն. վարչապետ

«Պետք է երաշխավորված լինենք, որ նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստում «ՀՀ դատական օրենսգրքում» և կից օրենքնների փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

«Կայացվեց որոշումը՝ բոլորն ի գիտություն ընդունեն այն, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ պատճառահետևանքային, այդ թվում՝ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ: Մենք հետևողական պետք է լինենք, այդ թվում՝ բարեվարքության ստուգման արդյունքների ազդեցություններ ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ օրինագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում է իրականացվում:

«Սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է, ժամանակակից աշխարհում միտում է, որ նման մասնագիտացված բաժանումներ տեղի ունենան: Ըստ էության, դատավորների ընտրության և նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ բարեվարքության ստուգման արդյունքները խորհրդատվական բնույթ ունեն, ու դրանք չեն դառնում հրապարակային: «Կարո՞ղ է լինել դեպք, որ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց ԲԴԽ-ի կողմից դատավորի նշանակման հարցի վրա կարող է ազդեցություն չունենալ, որովհետև այն չի հրապարակվում»,- հարցրեց վարչապետը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ խորհրդատվական բնույթ կրող փաստաթղթերը պարտադիր չեն, ինչը բխում է նաև սահմանադրական կարգավորումներից: «Տեսականորեն կարող է խորհրդատվական եզրակացությունը որևէ նշանակություն չունենալ, բայց կարծում եմ՝ դա քիչ հավանական է, որովհետև եթե խորհրդատվական եզրակացության մեջ այնպիսի կոնկրետ փաստերի մասին է խոսքը գնում, որ վկայում է բարեվարքության մասով խնդիրների մասին, խնդրահարույց կլինի, եթե ԲԴԽ-ն եզրակացությունը հաշվի չառնի»,- ասաց նա:

Բադասյանը նաև անդրադարձավ նոր ինստիտուտի ներդրման ժամկետներին: Ըստ նրա՝ օրինագծերը Կառավարությունը ճանաչել է անհետաձգելի և ուղարկելու է ԱԺ: «Անցումային դրույթներում ժամկետները հստակեցված են. օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ԲԴԽ-ն մեկշաբաթյա ժամկետում դիմելու է Կառավարություն, որպեսզի ստանա Կառավարության համաձայնությունը՝ հաստիքների ավելացման մասին: Համաձայնությունը ստանալու պահից մեկ շաբաթ անց այդ տեղերը ավելացնելու է դատական համակարգում, ևս մեկ շաբաթ անց արտահերթ համալրման մասին որոշում է ընդունելու: Կարգավորումներն այնպիսին են, որ երեք ամսվա ընթացքում գրավոր քննության փուլը, բարեվարքության ստուգումն ու հոգեբանության թեստավորումը, ակադեմիայում ուսուցումը պետք է ավարտվեն»,- ասաց նա:
 

Քաղաքականություն