«Պարոն վարչապետ, դա՞ էր ձեր փրկած կյանքը». ժամկետային զինծառայողների ծնողները բողոքում են

Ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ շարունակում են պահանջել անվտանգության երաշխիքներ իրենց որդիների հետագա ծառայության համար։ Մի մասն էլ պահանջում է զորացրել իրենց որդիներին։

«Մենք եկել ենք այստեղ երկար ժամանակ մեզնից խույս տվող կառավարությունից պատասխաններ ստանալու, թե ինչ է լինելու մեր տղաների ապագան։ Եթե պատերազմը կանգեցնելու և զինվորներին փրկելու հայտարարությունն ուղղակի դիվիդենտ հավաքելու միջոց չէր, ուրեմն պարոն վարչապետ, երեկ ձեր անփութության պատճառով ունենք երիտասարդ զինվորի մահ։ Նրա մայրն ինչքան ժամանակ է` սպասում էր, բայց որդուն արձակուրդ չէին տալիս...Դա՞ էր ձեր փրկած կյանքը։ Էլ չեմ ասում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով վիրավորված տղայի մասին։ Ի՞նչ երաշխիքներ ունենք մենք, որ մեր երեխաներն ապահով կլինեն։ Պահանջում եմ զորացրել մեր տղաներին»,–ասաց ծնողներից մեկը։

Հավելենք, որ ժամկետային զինծառայողների ծնողներից երեքին հրավիրեցին կառավարություն՝ լսելու նրանց դժգոհությունները։

Ավելի վաղ ժամկետային զինծառայողների ծողները բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։

Նրանք պահանջում էին, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ իրեն երեխաները տեղ կհասնեն։

Հիշեցնենք` երեկ` հունվարի 13–ին, Արցախում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող էր վիրավորվել` 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: 

Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Քաղաքականություն

Պատահարներ