Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություններ կատարել բժշկասոցիալական փորձաքննության կարգում։

Աշխատանքի և սոցիալակայն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ վիրավորում ստացած զինվորներին ու քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամարդելուն է վերաբերում նախագիծը։

«Գործող կարգով, մասնավորապես, աջակցող միջոցներ՝ սայլակ, քայլակ ստանալու համար քաղաքացին պետք է հաշմանդամության խումբ ունենար։ Սակայն հարցն այն է, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում` բուժումն ավարտելուց հետո` 3 ամիս ժամկետում։ Բայց որոշ դեպքերում հենց բուժման ընթացում քայլակների և սայլակների կարիք է լինում»,–ասաց նախարարը։

Առաքելյանը նշեց` առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով արագ գործընթացով տրամադրել այդ սարքերը։ Այսինքն` վիրավոր զինվորները կամ քաղաքացիները կարող են առանց բժշկասոցիալական փորձաքննության կենտրոններ այցելելու այդ սարքերը ստանալ։ Համաձայն վերջիններիս դիմումների` 5 օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում և իրականացվում է աջակցող սարքերի տրամադրում։ Ի դեպ, աջակցող սարքերը կարող են տրամադրվել ինչպես բուժհաստատությունում, այնպես էլ բնակության վայրում գտնվողին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, թե փոփոխությամբ ամրագրվում է, որ այսուհետ ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում-գալիս կառավարություն կամ նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնում կարիքները գնահատում, սարքեր տրամադրում։

Հիշեցնենք, որ դեռ 2020-ի դեկտեմբերի 3-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել է աջակցություն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության խմբեր. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3 մլն դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամի չափով, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն դրամի չափով, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3 մլն դրամի չափով։

 

Քաղաքականություն