
ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար մարտիկներ կտեղակայվեն Վաշինգտոնում՝ Բայդենի երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման համար
16.01.2021 08:26
ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար մարտիկներ կտեղակայվեն Վաշինգտոնում՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ընթացքում կարգուկանոն պահպանելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ազգային գվարդիայի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որը հրապարկվել է Twitter-ում:
«Պաշտպանության նախարարությունը համաձայնել է տրամադրել մինչև 25 հազար զինծառայող նորընտիր նախագահի երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման համար», - նշվում է հաղորդագրությունում:
Ազգային գվարդիան օգնություն կցուցաբերի ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որն էլ պատասխանատու է միջոցառման անվտանգության համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է լքել Վաշինգտոնը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը` հունվարի 20-ի առավոտյան:
Ըստ աղբյուրի ՝ Թրամփը նախատեսում է հրաժեշտի միջոցառում կազմակերպել Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում, որտեղ գտնվում են ԱՄՆ նախագահի կողմից օգտագործվող ինքնաթիռները: Աղբյուրը հավելում է, որ Թրամփը նախատեսում է ավելի ուշ մեկնել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կեցավայր: