Բելառուսում շարունակվում են Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող քաղաքացիների ձերբակալությունները

Մինսկում չարտոնված զանգվածային ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է 30 մարդ։ Այս մասին այսօր հայտնել են ՆԳ գլխավոր վարչությունից, փոխանցում է EADaily-ն։

«Անցած հանգստյան օրերին Մինսկի ոստիկանության աշխատակիցների կողմից չարտոնված միջոցառումներին մասնակցելու համար ձերբակալվել է 30 մարդ․ նրանք գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «չնայած պատասխանատվության մասին  նախազգուշացումներին, մայրաքաղաքի տարբեր շրջաններում հավաքվել են քաղաքացիների փոքր խմբեր»։

«Առավել ակտիվ անձինք ձերբակալվել են»,- նշել են ոստիկանությունում՝ հավելելով, որ բողոքի ակցիաներին մասնակցած մյուս քաղաքացիների բացահայտման աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Արևմտյան երկրները չեն ճանաչել ընտրությունների արդյունքներն ու պահանջել դադարեցնել ցուցարարների վրա գորժադրվող ճնշումները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել որոշ պաշտոնյաների և պետական ձեռնարկությունների նկատմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ