«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է ապստամբների «ռազմական խնամակալության» ներքո և շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանությունից դուրս կնետվի», հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։
«Էրդողանը ներկայում գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամքի ներքո»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։
«Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանին շուտով դուրս կնետեն։ Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «Ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,-հավելել է նա։
Դավութօղլուն Էրդողանին նաև մեղադրել է հիպոթետիկ քաղաքականություն վարելու համար, որը, նրա խոսքով, հիմնված չէ սկզբունքների վրա:
«Ապագա» կուսակցության առաջնորդը նաև քննադատել է Էրդողանին իր կուսակցության՝  օրերս ծեծի ենթարկված փոխնախագահ Սելչուկ Օզդաղին առողջություն չմաղթելու համար։ Նրա խոսքով՝ «Էրդողանը լուրջ չի ընդունել այդ հարձակումը և նույնիսկ օրենսդիրին շուտափույթ ապաքինում չի մաղթել և չի խոստացել գտնել մեղավորներին»։
Նշենք, որ օրերս իր տան դիմաց զինված հարձակման էր ենթարկվել «Ապագա» կուսակցության փոխնախագահ Սելչուկ Օզդաղը։ Նրա վրա փայտերով և սառը զենքերով հարձակվել է 5 մարդ: Օզդաղը վնասվածքներով հոսպիտալացվել է:
Հիշեցնենք, որ 2016-ին Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալուց և վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Դավութօղլուն 2019-ի դեկտեմբերին հիմնել է «Ապագա» կուսակցությունը։

Քաղաքականություն