Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, ձերբակալվել է Մոսկվա վերադառնալուն պես:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա քիչ առաջ ժամանել է Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ:

ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է ձերբակալել Նավալնիին, երբ վերջինս հայտարարել էր Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ Նավալնիին Գերմանիա էին տեղափոխել բուժման նպատակով: Վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Օմսկ ուղևորվող օդանավում, որից հետո նրան հոսպիտալացրել էին Օմսկի հիվանդանոցում: Երկու օր անց ընդդիմադիր գործչին Գերմանիայից ժամանած ինքնաթիռով տեղափոխել էին Բեռլինի հիվանդանոց, որի մասնագետների պնդմամբ՝ նրան թունավորել են:

Մինչ այդ Նավալնիի դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլու յուրացման գործերով:

Քաղաքականություն

Պատահարներ