Երևանի 10 վարչական շրջաններից «կարմիր գծերը» վերացնելու նախագիծը չի ենթարկվել փոփոխությունների

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: 

 Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը չի ենթարկվել բովանդակային փոփոխությունների:

«Օրենքի նախագծով 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը»,- ասաց Գաբրիելյանը:

Օրենքի գործող կարգավորմամբ` «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները խախտման դեպքում տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում:

Քաղաքականություն